Հարգելի Սերժ Թանկյան, եկեք ու վայելեք «հեղափոխությունը»
26.05.2020 | 00:33
Այն, որ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական վերադասավորումներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան անգրագետ Պողոսին կարող են հեղափոխություն թվալ, գուցե, նորմալ է: Բայց երբ սովորական իշխանափոխության մասին իբրև թե փիլիսոփայական մտքեր են արտահայտում ոչ անգրագետ ու քիչ թե շատ ճանապարհ անցած մարդիկ, ոչ թե զարմանալի, այլ զարհուրելի է: Դեռ կարելի է աչք փակել ու չկենտրոնանալ իշխանափոխությունը հեղափոխություն համարելու հանգամանքի վրա, բայց որ այն որպես վերերկրային ու ազգափրկիչ արժեք է ընկալվում, դա իրապես սարսափեցնող է: «System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանն այն համոզմանն է, որ «հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում»:
Հայրենիքից հեռու, օտար ափերում ծնված, մեծացած, ուսում ստացած ու դաստիարակված պարոնը, ցավոք, միակը չէ, որ հեռվից հեռու չնաշխարհիկ մտքեր է արտահայտում «հեղափոխության», դրա «թավշյա ու ոչ բռնի» լինելու և «նախկին ռեժիմի» ստվերների դեմ պայքարելու մասին: Հայաստանից դուրս, բայց տանտիրոջ իրավունքով նա խոսում է երևույթի մասին, ինչը տեսել է միայն հարևանցի՝ օդանավակայանից մինչև Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհին, երբ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ գալիս էր «դմփ-դմփ-հու»-ի մի համազարկ էլ իր կողմից արձակելու: Պարոնը խոստացել էր տուն գնել Երևանում, խոսակցություններ կային, թե, «հեղափոխությամբ» տոգորված, տարվա մեծ մասը մայր հայրենիքում է անցկացնելու և այլն, և այլն: Այժմ, փաստորեն, բավարարվում է սոսկ զազրելի մտքեր արտահայտելով ու ապրում հեղափոխության սին արժեքներով: Պարոնի համար, փաստորեն, մի քանի հարյուրամյակ մենք չենք ապրել, ոչինչ չենք հասկացել, խիստ առօրյա բառով ասած՝ «հավայի օր ենք մթնեցրել» ու հանկարծ բոցավառվել ենք հեղափոխությամբ: Դեռ մի կողմ Արցախյան գոյամարտը, մի կողմ հայրենական պատերազմը, մի կողմ անգամ Հայոց ցեղասպանությունից հետո որպես փյունիկ հառնելու կամքը, իսկ ու՞ր մնաց շուրջ 700 տարի պետականություն չունենալուց հետո պետություն հռչակելու փաստը՝ 1918-ի մայիսի 28-ը: Հարգելի պարոն Թանկյանին որպես ՀՀ իրապես հպարտ ու արժանապատիվ քաղաքացի՝ խնդրում ու հորդորում եմ՝ իմ երկրի, պետության ու հասարակության նկարագիրն այլևս երբեք չնվաստացնել ու չստորադասել սովորական մի իշխանափոխության: Հարգելի պարոն, ձեր սրտում ու հոգում ինչքան կուզեք փայփայեք 2018-ի քաղաքական իրադարձությունները, բայց հայրենիքի մասին խոսելուց առաջ նախ ապրե՛ք հայրենիքում, ապա մի փորձեք ստվերել իրական ձեռքբերումներն ու հանուն ապրելու իրավունքի մեր մղած գոյամարտերը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ